կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Թող ԱՄՆ–ն չեղարկի Զելենսկու հրամանագիրը». Պուտինը՝ Բլինկենի հայտարարության մասին

«Թող ԱՄՆ–ն չեղարկի Զելենսկու հրամանագիրը». Պուտինը՝ Բլինկենի հայտարարության մասին

Ուկրաինայում Ռուսաստանի հետ բանակցություններն արգելող հրամանագրի չեղարկումը կարող է դառնալ երկխոսության առաջին քայլը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
 
«Եթե Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, ապա թող չեղյալ հայտարարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը, որն արգելում է բանակցություններ վարել։ Այնտեղ նախագահի հրամանագիր է դուրս եկել, որով նա արգելել է ինքն իրեն և բոլորին բանակցել։ Ահա, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասում է, որ իրենք պատրաստ են: Դե լավ, սկզբի համար այդ հրամանագիրը թող չեղյալ հայտարարեն, դա առաջին քայլն է», - ասել է ՌԴ նախագահը։
 
Նա ավելացրել է, որ առայժմ հակահարձակման արդյունքում Ուկրաինան մեծ մարդկային, ինչպես նաև տեխնիկայի կորուստներ է կրում: Նախագահը նշել է, որ Կիևի իշխանությունը արևմտյան կուրատորների դրդմամբ ուզում է հնարավորինս շատ տարածք պոկել։
«Իսկ հետո, երբ բոլոր ռեսուրսները՝ և՛ մարդկային, և՛ տեխնիկական, և՛ զինամթերքը, մոտ կլինեն զրոյական արժեքներին, հասնել մարտական գործողությունների դադարեցմանը, ասել. «Դե, մենք վաղուց ենք ասում, որ ուզում ենք բանակցություններ սկսել և սկսել այդ բանակցությունները իրենց ռեսուրսները համալրելու և զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու նպատակով», - ասել է Պուտինը:
 
Դա, նրա խոսքով, կարող է լինել Ուկրաինայի մարտավարության տարբերակներից մեկը։
ՌԴ առաջնորդն ամփոփել է, որ Ռուսաստանը չի կարող դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հակառակորդն է հակահարձակումը վարում:

  • Կիսվել: