հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասել

ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Բեքայի նահանգում մայիսի 18-ին տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հերթական փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդել են Լիբանանում ՍԴՀԿ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակից, այս ընտրություններում լիբանանահայ համայնքը ներկայացնող ավանդական կուսակցությունների առաջադրած բոլոր թեկնածուները հասել են հաջողության:

Հատկանշական է մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած քաղաքային խորհրդի անդամների ընտրությունը, որոնց արդյունքներով 3 հայ դարձել է Լիբանանի քաղաքային խորհրդի անդամ։ Նրանք են՝ Հովհաննես Բուչաքջյանը՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից, ինչպես նաև  Սերժ Մելքոնյանը և Վահրամ Պարսումյանը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից։

Բեյրութի քաղաքային խորհուրդը բաղկացած 24 է անդամից։

Հայկական ավանդական կուսակցությունները Բեյրութի քաղաքային խորհրդի ընտրություններում մաս են կազմել «Բեյրութը մեզ կհավաքի» կոալիցիային։

Նշվում է, որ այս կոալիցիայի յուրահատկությունը կայանում էր նրանում, որ դրանում ընդգրկված ուժերը  հավասարապես քրիստոնեական և մուսուլմանական  համայնքներն էին ներկայացնում:

«Այս ցանկի հայկական հատվածում ծանրակշիռ և որոշիչ դեր են  խաղացել հայկական միասնակության քվեները: Նշենք, որ 2026 թվականին տեղի են ունենալու Լիբանանի խորհրդարանական ընտրությունները, և անցած կիրակի օրվա ընտրությունների արդյունքները կարևոր էին հայ համայնքի քաղաքական կշիռը հաստատելու իմաստով: Քաղաքային խորհրդի ընտրություններին զուգահեռ, տեղի ունեցան նաև թաղապետերի ընտրություններ, որոնցում նույնպես ամբողջական  հաղթանակ արձանագրեցին ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի և Ռամկավար Ազատական կուսակցության թեկնածուները»,-հայտնել են ՍԴՀԿ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակից:

  • Կիսվել: