երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տիգրան Խուդավերդյանը չի զբաղեցնի նոր պաշտոնը եւ կհեռանա «Յանդեքս»-ի տնօրենների խորհրդից

Տիգրան Խուդավերդյանը չի զբաղեցնի նոր պաշտոնը եւ կհեռանա «Յանդեքս»-ի տնօրենների խորհրդից

Տիգրան Խուդավերդյանը կհեռանա «Յանդեքս»-ի տնօրենների խորհրդից եւ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից։ Ավելի վաղ թոփ-մենեջերը մտցվել էր ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի պատժացուցակ, տեղեկացվել է ընկերության հաղորդագրությունում։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում «Յանդեքս»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը Ելենա Բունինայի փոխարեն զբաղեցրել է Տիգրան Խուդավերդյանը։ Ենթադրվում էր, որ նա այդ աշխատանքը կհամատեղի  գործադիր տնօրենի պաշտոնի հետ։ Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Խուդավերդյանը Եվրամիության անհատական պատժամիջոցների ցուցակ է մտցվել։

Այս առնչությամբ Տիգրան Խուդավերդյանը կհեռանա «Յանդեքս»-ի տնօրենների խորհրդից եւ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից, ինչպես նաեւ պաշտոնները կթողնի Նիդեռլանդներում ընկերության կառույցներում։ Ելենա Բունինան կկատարի գլխավոր տնօրենի պարտականությունները մինչեւ ապրիլի 15-ը։

«Մենք խիստ զարմացած ենք, որ Տիգրանը հայտնվել է Եվրամիության պատժացուցակում, եւ մենք շատ ենք ափսոսում, որ նա այլեւս չի կարող լինել տնօրենների խորհրդում եւ զբաղեցնել Yandex N.V.-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը»,- նշել է Yandex N.V.-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Բոյնթոնը՝ ավելացնելով, որ տնօրենների խորհուրդը կքննարկի հետագա փոփոխությունները ընկերությունների ղեկավարության կառուցվածքում։

Խուդավերդյանը ընկերությունում աշխատել է ավելի քան 15 տարի եւ շատ ուժ է ներդրել, «որպեսզի «Յանդեքս»-ը զարգանա որպես համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական ընկերություն, հաշվի առնելով օգտատերերի, գործընկերների, աշխատակիցների եւ բաժնետերերի շահերը»։ 2019-ից նա զբաղեցրել է «Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրենի պաշտոնը։

Խմբի գլխավոր տնօրեն կշարունակի մնալ «Յանդեքս»-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը։ «Յանդեքս»-ը եւ նրա դուստր ձեռնարկությունները Եվրամիության, ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի պատժացուցակ չեն մտցվել, նշել են ընկերությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: