կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Թբիլիսիում հարձակման համար նախատեսված զենքեր և պայթուցիկ նյութեր են առգրավվել. Վրաստանի ՊԱԾ

Թբիլիսիում հարձակման համար նախատեսված զենքեր և պայթուցիկ նյութեր են առգրավվել. Վրաստանի ՊԱԾ

Վրաստանում առգրավվել են հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում հարձակման համար նախատեսված մեծ քանակությամբ զենքեր և պայթուցիկ նյութեր: Այս մասին հայտնել են Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Օպերատիվ տեղեկատվության հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր՝ դետոնատորներով»:

Ըստ ՊԱԾ-ի՝ գործի նյութերի համաձայն, Ուկրաինայում գործող զինված ստորաբաժանումներից մեկի վրացի ներկայացուցչի հանձնարարությամբ, ինչը հաստատվում է բազմաթիվ ապացույցներով, Վրաստանի քաղաքացի Բ.Չ.-ն ձեռք է բերել մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր։

«Առկա օպերատիվ տեղեկատվության համաձայն, նշված ռազմամթերքը նախատեսված էր օգտագործել կազմակերպված խմբային բռնությանը և հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատի գրավման փորձին զուգահեռ դիվերսիոն գործողությունների համար։ Պետական անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել այն անձանց խմբին, որոնք պետք է տեղափոխեին նշված ռազմամթերքն ու պայթուցիկ նյութերը Թբիլիսիի կենտրոն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ հայտնաբերված հրազենը, ռազմամթերքն ու պայթուցիկ նյութերը թաքցված են եղել Թբիլիսիի մոտակայքում գտնվող անտառում՝ հատուկ թաքստոցում։

Պարզվել է նաև այն անձի ինքնությունը, որը Բ.Չ.-ի հանձնարարությամբ պատրաստել է դետոնատորի հեռակառավարման վահանակը։ Վերջինս արդեն տեղափոխվել է ՊԱԾ, և նրա նկատմամբ ընթանում են քննչական գործողություններ։

ՊԱԾ-ի տվյալներով, Բ.Չ.-ն կպատասխանի նշված հանցագործության համար որպես մեղադրյալ և կհայտարարվի հետախուզման մեջ։

  • Կիսվել: