երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թբիլիսին Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հույս ունի

Թբիլիսին Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հույս ունի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող իսրայելցի գործընկեր Ամիր Օհանայի հետ կայացած մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ 2024 թվականին կմեկնարկեն ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները, ինչն էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններում, գրում է aliq.ge-ն:

Պապուաշվիլին ասել է՝ Օհանայի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համագործակցության հարցերը տնտեսական, զբոսաշրջության, անվտանգության և այլ ուղղություններով։

«Իսրայելի հետ բարեկամության խումբը մոտ մեկ ամիս առաջ այցելեց Իսրայել և մի շարք արդյունավետ հանդիպումներ ունեցավ Իսրայելի պաշտոնյաների հետ։ Մենք պատրաստ ենք էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը։

Հանդիպմանը խոսվել է նաև տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների մասին։ Մենք կայունություն և խաղաղություն ենք մաղթում Իսրայելին և ընդհանրապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանին։ Շնորհակալ եմ իմ գործընկերոջը այցի, ինչպես նաև համագործակցությունն ու բարեկամությունը խորացնելու պատրաստակամության համար»,- ասել է Պապուաշվիլին։

  • Կիսվել: