երկուշաբթի, հունվար 24
24 / 1 / 2022
Թբիլիսին չի դիտարկում մասնակցությունը «3+3» ձևաչափին. Վրաստանի ԱԳՆ

Թբիլիսին չի դիտարկում մասնակցությունը «3+3» ձևաչափին. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը չի նախատեսում մասնակցել Հարավային Կովկասի «3+3» ձևաչափով համագործակցության հարթակին. Թբիլիսին ներկայացուցիչ չի ունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում սպասվող առաջին նիստին: Այս մասին ասված է Վրաստանի արտգործնախարարության մեկնաբանության մեջ:

Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան նշել է, որ «3+3» ձևաչափը Թբիլիսիի համար անընդունելի է (հաշվի առնելով ՌԴ մասնակցությունը), և Վրաստանի մասնակցությունն այդ ձևաչափին չի դիտարկվում:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս է հայտնել իր դիրքորոշումը «3+3» ձևաչափի վերաբերյալ։ Վրաստանը չի մասնակցի այս ձևաչափին, հետևաբար չի մասնակցի նաև Մոսկվայում նախատեսված հանդիպմանը: Թբիլիսին հստակ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ. այդ ձևաչափը մեզ համար անընդունելի է, և մենք բազմիցս խոսել ենք այդ մասին»,- ասել է Դարսալիան։

Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին նշել էր, որ Թբիլիսին չի նախատեսում մասնակցել «3+3» բանակցային ձևաչափին, փոխարենն առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը՝ Բաքվի և Երևանի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում:

  • Կիսվել: