ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Թբիլիսին ապացույցներ ունի, որ եվրոպացիները ֆինանսավորում են Վրաստանում ծայրահեղականությունը. Կոբախիձե

Թբիլիսին ապացույցներ ունի, որ եվրոպացիները ֆինանսավորում են Վրաստանում ծայրահեղականությունը. Կոբախիձե

Թբիլիսին ապացույցներ ունի, որ եվրոպացիները ֆինանսավորում և խրախուսում են Վրաստանում ծայրահեղականությունը՝ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հավելել է, թե ընդդիմադիր գործիչները մեկնում են արտասահման՝ հրահանգներ ստանալու, ապա դրանք Վրաստանում կյանքի կոչելու համար։ 
 
Հունիսի 4-ին էլ տեղեկություն է տարածվել, որ Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը: Կառույցի որոշ աշխատակիցներ Ֆեյսբուքյան իրենց էջերում հայտնել են, որ աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել։ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, պարզաբանելով լուրը, հայտարարել է՝ կենտրոնը կվերակազմակերպվի և կդառնա նախարարության մաս:
 
Ավելի վաղ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Վրաստանի վերաբերյալ զեկույց է ընդունել: Փաստաթղթում նշվում է, որ 2024 թվականի խորհրդարանի ընտրությունց հետո Վրաստանը, ունենալով Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ, շրջադարձ է կատարել դեպի ավտորիտարիզմ: Եվրախորհրդարանը մեղադրել է Վրաստանի իշխանությանը ռեպրեսիվ օրենսդրության առաջխաղացման, քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին և խաղաղ ցուցարարներին ճնշելու համար: Եվրոպացի պատգամավորները կոչ են արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել՝ միջազգային և ներքին անկախ մոնիտորինգի ներքո: Եվրախորհրդարանը նաև հորդորել է Եվրամիությանը և ԵՄ անդամ պետություններին՝ պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք» կուսակցության պաշտոնյաների և աջակիցների դեմ:

  • Կիսվել: