Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարը խախտելու համար
Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարը խախտելու համար, որը երեկ ձեռք էր բերվել Մալազիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Երկրի զինված ուժերի տվյալով՝ կամբոջական զորքերը թիրախավորել են Թաիլանդի մի քանի շրջան:
Թաիլանդական բանակի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սա հրադադարի միտումնավոր խախտում և փոխվստահությունը խաթարելու փորձ է։ Ստիպված ենք արձագանքել՝ իրացնելով ինքնապաշտպանության մեր իրավունքը»:
Բանգկոկից նաև նշել են, որ Կամբոջան երկու անգամ հետաձգել է կողմերի ռազմական շրջանների հրամանատարների հանդիպումը, որը նախատեսված էր հուլիսի 29-ի առավոտյան։
Այնուհանդերձ, Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է Թաիլանդի մեղադրանքները։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ կեսգիշերին հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո «առաջնագծում իրավիճակը կայունացել է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանի վիճելի հատվածում անցած շաբաթ սկսված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, մոտ 300 000-ը տարհանվել է։


