կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Թաիլանդը կրկին մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմի խախտման մեջ

Թաիլանդը կրկին մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմի խախտման մեջ

Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Կամբոջայի զինված ուժերը կրկին խախտել են սահմանին հրադադարի ռեժիմը:  Այս մասին հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«2025 թվականի հուլիսի 29-ի ուշ երեկոյան, Թաիլանդի և Կամբոջայի միջև հրադադարի շուրջ համաձայնության հասնելուց  24 ժամ էլ չանցած, Սիսակետի նահանգի Փու Մակուայում թաիլանդցի զինվորականների դիրքերը ենթարկվել են հարձակման կամբոջական զորքերի կողմից՝ հրազենի և նռնակների կիրառմամբ: Գրոհը շարունակվել է մինչև 2025 թվականի հուլիսի 30-ի առավոտը։ Սա 2025 թվականի հուլիսի 28-ի կեսգիշերին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում է», - նշված է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Զինված բախումները տեղի են ունեցել հուլիսի 24-ի առավոտյան կամբոջա-թաիլանդական սահմանի երկայնքով՝ Օդդար Միենչեյի նահանգի վիճելի սահմանային գոտուց ոչ հեռու: Թաիլանդի զինված ուժերը հայտնել էին, որ գործի են դրել կործանիչներ կամբոջական ուժերի դիրքերին հարվածելու համար՝ ի պատասխան նրանց կողմից ծանր զենքի կիրառման։ Կամբոջայի ռազմական գերատեսչությունում հայտնել էին, որ բանակը գործում է ինքնապաշտպանության շրջանակներում՝ պատասխանելով Թաիլանդի զորքերի ներխուժմանը։

Հուլիսի 28-ին Մալայզիայի կառավարության ղեկավար Անվար Իբրահիմը հյուրընկալել էր կողմերի բանակցությունները, որից հետո հայտարարել ասիական երկրների միջև հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտել հուլիսի 29-ին ժամը 00:00-ին: Բանակցություններին ներկա են եղել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները։ 

Հուլիսի 29-ին ևս Թաիլանդի թագավորական բանակը Կամբոջային մեղադրել էր հրադադարի ռեժիմը խախտելու մեջ. Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է մեղադրանքները:

 

  • Կիսվել: