կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Թաիլանդը և Կամբոջան համաձայնագիր են կնքել հրադադարի շուրջ. աղբյուր

Թաիլանդը և Կամբոջան համաձայնագիր են կնքել հրադադարի շուրջ. աղբյուր

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են «անհապաղ և անվերապահ հրադադարի»: Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի կեսգիշերին: Այս մասին այսօր հայտարարել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը, որը միջնորդել է բանակցությունները: Հակամարտող երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Իբրահիմի նստավայրում՝ Պուտրաջայա քաղաքում, հայտնում է DW-ն:

Բանակցություններին մասնակցել են նաև Միացյալ Նահանգների և Չինաստանի ներկայացուցիչները։ Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Փհումտհամ Վեչայաչայը և Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բանակցություններին աջակցելու համար։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև մի քանի օր առաջ ռազմական հակամարտություն էր սկսվել: Թաիլանդի և Կամբոջայի սահմանին մարտերը սկսվել էին հուլիսի 24-ին և դարձել ամենաթեժը վերջին 10 տարվա ընթացքում։ Հրետանային ռմբակոծությունները իրականացվել են սահմանի հյուսիսային հատվածում՝ հեռու ափից և Հարավչինական ծովի ափին գտնվող Թաիլանդի հայտնի ծովափնյա հանգստավայրերից։ Բախումներից զոհվել է առնվազն 36 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ։ Սահմանամերձ շրջաններից տարհանվել է ավելի քան 200 հազար մարդ։

  • Կիսվել: