ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սուդանն ու Իսրայելն առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման հարցում

Սուդանն ու Իսրայելն առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման հարցում

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի՝ Խարթում կատարած այցի ժամանակ Սուդանը և Իսրայելը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին հայտնել է Սուդանի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Քոհենը ժամանել է Սուդան՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակում առաջ մղելու «Աբրահամի համաձայնագրերի» ստորագրման բանակցային գործընթացը։

Իսրայելական պատվիրակությունը հանդիպել է Սուդանի ԱԳ ղեկավար Ալի ալ-Սադեկի և Սուդանի Անցումային ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահի ալ-Բուրհանի հետ։

Հատկանշական է, որ Քոհենի այցը Սուդան տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածաշրջան այցելությունից անմիջապես հետո։ Այն կարելի է դիտարկել մի քանի տարի առաջ սկսված իսրայելա-արաբական կարգավորման գործընթացի շրջանակում: 

2020 թվականի սեպտեմբերի 15-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը և Բահրեյնի արտաքին գործերի նախարար Աբդել Լաթիֆ ալ-Զայանին ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրեցին երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին «Աբրահամի համաձայնագրերը», որով իսրայելական կողմը պարտավորվել է չընդլայնել իր ինքնիշխանությունը Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի վրա:

  • Կիսվել: