Սուդանում փախստականների ճամբարի վրա հարձակման հետևանքով կա 40 զոհ
Սուդանում Հյուսիսային Դարֆուրի նահանգի մայրաքաղաք Էլ Ֆաշերի մերձակայքում գտնվող «Աբու Շուք» փախստականների ճամբարի վրա Արագ արձագանքման ուժերի (ԱԱՀ) գրոհի հետևանքով զոհվել է առնվազն 40 հոգի, տեղեկացնում է The Associated Press-ը՝ հղում անելով մարդու իրավունքների պաշտպանության տեղական կազմակերպություններին։
Ինչպես հաղորդվում է՝ ճամբարում գտնվում է մոտավորապես 450 000 տեղահանված մարդ։ Եյլի համալսարանը հրապարակել է մի քանի արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս ճամբարում 40 փոխադրամիջոցի առկայությունը, որոնք, հավանաբար, պատկանում են ԱԱՈւ-ին, ինչպես նաև նրանց մարտիկների հարձակումները ճամբարում գտնվող մարդկանց վրա։
Օրերս նաև հայտնվել են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ԱԱՈւ-ն արգելափակում Էլ Ֆաշերից դուրս գալ փորձող մարդկանց ճանապարհները։
Նշվում է նաև, որ Սուդանի զինված ուժերն օգոստոսի 11-ին հաղորդել են, որ վաղ առավոտից մինչև կեսօր հետ են մղել մի քանի ուղղություններից ԱԱՀ-ի գրոհները Էլ Ֆաշերի շրջանում։ Զինվորականները հայտարարել են, որ ոչնչացրել են թշնամու 16 փոխադրամիջոց, ևս 34-ը գրավել են՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն։ ԱԱՈւ-ն իր հերթին պնդել է, որ առաջ է շարժվել Էլ Ֆաշերում և գրավել զինվորական սարքավորումներ։
Նշենք, որ Էլ Ֆաշերը Սուդանի զինված ուժերի վերջին խոշոր հենակետն է Դարֆուրում, արդեն շուրջ մեկ տարի ԱԱՈւ-ն փորձում է գրավել այն։
Հիշեցնենք՝ Սուդանում երկրի զինված ուժերի և ԱԱՈւ-ի միջև հակամարտությունն ընթանում է 2023 թ. ապրիլի 15-ից։


