երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 14-րդ լիագումար նիստը

Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 14-րդ լիագումար նիստը

Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է ԵԽ Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 14-րդ լիագումար նիստը, որին մասնակցել են ԵԽ երեք տասնյակից ավել անդամ պետությունների քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչներ, Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպության (EuroPris) գործադիր տնօրենը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև ոլորտային այլ կառույցների ներկայացուցիչներ ու փորձագետներ։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության մայոր Ռաֆայել Հարությունյանը։

Լիագումար նիստին նախ անդրադարձ է եղել ազատությունից զրկված անձանց վերաբերյալ 2023 թվականի տարեկան քրեական վիճակագրությանը (SPACE), մասնավորապես ներկայացվել են ԵԽ անդամ պետությունների ազատազրկված անձանց և օտարերկրյա ազատազրկվածների թվաքանակին, տարիքային հարաբերակցությանը, հանցագործությունների տեսակներին և այլ տեղեկություններին առնչվող ցուցանիշները։

Ի թիվս այլնի՝ քննարկվել է քրեակատարողական հիմնարկներում կրթության ապահովման գործընթացը, որի համատեքստում կարևորվել է ազատազրկված անձանց անխոչընդոտ հասանելիությունը կրթական ծրագրերին, ինչպես նաև կրթության դերը կրկնահանցագործությունների նվազման հարցում։

Քրեակատարողական ոլորտում իրականացվող համագործակցության ծրագրերի շրջանակներում առանձնացվել է ԵԽ աջակցությամբ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում փայտամշակման արհեստանոցի ստեղծումը, որը նպաստելու է ազատազրկված անձանց զբաղվածության ապահովմանը և աշխատանքային նոր հմտությունների ձևավորմանը։

Ռաֆայել Հարությունյանի և մասնակից քրեակատարողական ծառայությունների, ոլորտային կառույցների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակում քրեակատարողական համակարգում տիրող իրավիճակի, առաջացող խնդիրների, դրանց լուծման ուղիների, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

  • Կիսվել: