Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում կողմերին չի հաջողվել պայմանավորվածության հասնել հրադադարի հաստատման շուրջ
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում անցկացված բանակցություններն ավարտվել են։ Այս պահի տվյալներով հայտնի է, որ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել հրադադարի շուրջ, սակայն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հումանիտարի հարցերի շուրջ:
Թուրքական դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ այս պահին երկու երկրների ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Հաստատ հայտնի է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցություններն այսօր չեն շարունակվի, պատվիրակություններն արդեն հեռացել են քաղաքից։
«Ուկրաինան և Ռուսաստանը պատրաստվում են գերիների նոր խմբաքանակ ազատ արձակել»,-այսօր Ստամբուլում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։
Ռուսաստանը Ուկրաինային հուշագիր է փոխանցել պատերազմի ավարտի պայմանների մասին, ասել է The Economist-ի լրագրող Օլիվեր Քերոլը։ «Բանակցությունների ևս մեկ փուլ կլինի, ինչ էլ որ դա նշանակի, հստակ ժամկետ չկա»,- ասաց լրագրողը։
Պատվիրակությունները չեն սեղմել միմյանց ձեռքերը և չեն արել որևէ առաջարկ, որը կարող է ցույց տալ առաջընթաց որևէ հնարավոր գործարքի հարցում, քանի որ Վլադիմիր Պուտինը հրաժարվում է հետ կանգնել իր առավելապաշտական պահանջներից, հաղորդում է Financial Times-ը:
Բանակցությունները կենտրոնացել են հումանիտար խնդիրների վրա, հաղորդել է Օլիվեր Քերոլը: «Դրանք տևել են մեկ ժամից մի փոքր ավելի, ինչը խոսում է այն մասին, որ քննարկելու շատ բան չկար», - գրել է նա: