Սպիտակ տունը հանձնարարել է տեղեկություն հավաքել Մասկի SpaceX ընկերության պայմանագրերի մասին. Reuters
Այս ամիս ավելի վաղ Սպիտակ տունը հանձնարարել էր պաշտպանության նախարարությանը եւ NASA-ին մանրամասն տեղեկություններ հավաքել SpaceX-ի միլիարդավոր դոլարների պայմանագրերի մասին՝ նախագահ Դոնալդ Թրամփի եւ միլիարդատեր Իլոն Մասկի միջեւ հրապարակային վեճից հետո, Reuters-ին հայտնել են հրամանին ծանոթ չորս անձինք։
Աղբյուրների խոսքով՝ ստուգման շարունակման հետ մեկտեղ, վարչակազմը հանձնարարել է գործակալություններին մանրակրկիտ ուսումնասիրել Մասկի պայմանագրերը՝ գործարարի եւ նրա ընկերությունների դեմ հնարավոր պատասխան միջոցներին նախապատրաստվելու համար։
Ինչպես հինգաշբթի տեղեկացրել էր Reuters-ը, Պենտագոնի պաշտոնյաները միաժամանակ քննարկել են Մասկի տիեզերական եւ արբանյակային ընկերության՝ SpaceX-ի դերի նվազեցման հնարավորությունը ԱՄՆ նոր հավակնոտ հրթիռային պաշտպանության համակարգում։
Reuters-ը չի կարողացել պարզել, թե արդյոք Սպիտակ տունը մտադիր է չեղարկել SpaceX-ի կողմից ներկայում կնքված մոտ 22 մլրդ դոլարի դաշնային պայմանագրերից որեւէ մեկը։
Սակայն սա վկայում է այն մասին, որ վարչակազմը կատարում է Թրամփի սպառնալիքը, որը նա հնչեցրել էր Մասկի հետ անցյալ շաբաթվա վեճի ժամանակ՝ Մասկի բիզնեսները եւ ձեռնարկությունների սուբսիդիաները փակելու մասին։
Սպիտակ տան ներկայացուցիչը չի պատասխանել Մասկի բիզնեսի վերաբերյալ գործակալության հարցերին՝ ասելով, որ «Թրամփի վարչակազմը հանձնառու է բոլոր դիմումների եւ պայմանագրերի մանրակրկիտ դիտարկման գործընթացին»։
Իր հերթին, ՆԱՍԱ ներկայացուցիչը հայտնել է, որ գործակալությունը «կշարունակի համագործակցել արդյունաբերական գործընկերների հետ՝ տիեզերքի ոկորտում նախագահի նպատակներին հասնելու համար»։
Հրամանին ծանոթ անձինք նշել են, որ պայմանագրի վերանայումը նպատակ ունի վարչակազմին տալ արագ գործելու հնարավորություն, եթե Թրամփը որոշի միջոցներ ձեռնարկել Մասկի դեմ, որը մինչեւ վերջերս նախագահի ավագ խորհրդականն էր եւ կառավարության արդյունավետության եւ ծախսերի կրճատման դեպարտամենտի (DOGE) ղեկավարը։