ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սոմալիում առնվազն 30 մարդ է զոհվել ավերիչ հեղեղման հետևանքով

Սոմալիում առնվազն 30 մարդ է զոհվել ավերիչ հեղեղման հետևանքով

Սոմալիում վերջին հարյուրամյակի ընթացքում ամենասաստիկ հեղեղումն առնվազն 32 մարդու կյանք է խլել, հարյուր հազարավորները դարձել են հարկադիր տեղահանվածներ:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է BBC-ն։ 

«Վերջին հինգ օրը մենք օգնություն ենք ցույց տվել շատ կարիքավորների, բայց իրավիճակն արդեն դուրս է եկել կառավարության հնարավորությունների սահմաններից», - ասել է Սոմալիի փոխվարչապետ Սալահ Ահմեդ Ջաման:

Ըստ նրա՝ իշխանություններն ի վիճակի չեն օգնություն ցուցաբերել բոլոր շրջաններին, որոնք տուժել են տարերային աղետից։ 

Երկարատև երաշտից հետո Սոմալիում մոլեգնել են տեղատարափ անձրևները, ափերից դուրս են եկել գետերը։ Առանձնապես տագնապալի իրավիճակ է ստեղծվել Ջուբբա գետի հովտում։

Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ որոշ տուժած շրջաններ վերահսկվում են ոչ թե կառավարության, այլ «Ալ Շաբաբ» արմատական ​​խմբավորման կողմից։

  • Կիսվել: