չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Շվեյցարիան այսօրվանից նոր նախագահ ունի

Շվեյցարիան այսօրվանից նոր նախագահ ունի

Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը, ով կառավարությունում ներկայացնում է Շվեյցարիայի աջ պահպանողական ժողովրդական կուսակցությունը, ուրբաթ օրը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը:

Նա այդ պաշտոնում կաշխատի ամբողջ 2021 թվականի ընթացքում՝ համատեղելով նախագահի լիազորությունները նախարարական իր պարտականությունների հետ:
 
Նախագահական ընտրություններն անցկացվել են անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին՝ խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում:
 
Գի Պարմելենը ծնվել է 1959 թ․ նոյեմբերի 9-ին՝ Լոզանի (ֆրանսախոս Վո կանտոն) մոտակայքում գտնվող ֆրանսիական գինեգործական Բյուրսան գյուղում: 1979 թ. նա ստացել է Մարսելի գյուղատնտեսական դպրոցի, իսկ 1985 թ․` գինեգործական տնտեսության կառավարչի դիպլոմ: 1993 թ․ նա զբաղեցրել է Բյուրսանի բնակիչների խորհրդի նախագահի պաշտոնը, 1994-2007 թվականներին ընտրվել է Վո կանտոնի Մեծ խորհրդի անդամ: 2003-2015 թթ․ եղել է Ազգային խորհրդի (Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատ) պատգամավոր: 2016 թվականից կառավարությունում է: Մինչ 2018 թ․ նա զբաղեցրել է պաշտպանության, բնակչության պաշտպանության եւ սպորտի նախարարի պաշտոնը, ապա ղեկավարել է էկոնոմիկայի նախարարությունը:
 
Նախագահի պաշտոնը Շվեյցարիայում օրացուցային տարվա ընթացքում հերթով զբաղեցնում են յոթ նախարարներից բաղկացած Դաշնային խորհրդի (կառավարության) անդամները: Դեկտեմբերի 9-ի ընտրությունների ելքը կանխորոշված էր կառավարության չորս խոշորագույն կուսակցությունների կոնսենսուսի արդյունքում: Նախագահների տարեկան հերթափոխը չի ազդում երկրի քաղաքականության վրա, քանի որ բոլոր հիմնական հարցերը լուծվում են կառավարությունում՝ կոլեգիալ կերպով: Նախագահը նախագահում է կառավարության նիստերում, ընդունում է Շվեյցարիա այցելող օտարերկրյա պետությունների ղեկավարներին եւ տոների կապակցությամբ ուղերձով դիմում է քաղաքացիներին: Ձայների հավասարության դեպքում նրա կարծիքը որոշիչ է դառնում: Շվեյցարիայում նախագահը պետության ղեկավար չէ, դա Դաշնային խորհրդի կոլեկտիվ իրավասությունն է:

  • Կիսվել: