Անտոնիո Կոշտան՝ Եվրոպական խորհրդի նոր ղեկավար
Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելն իր լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստային:
Եվրոպական խորհրդի բրյուսելյան ապարատի աշխատակիցների և լրագրողների ներկայությամբ հրաժեշտի ելույթում Միշելը, թվարկելով ԵՄ-ի արժանիքները, նշել է Ուկրաինային աջակցությունը, այդ թվում՝ ռազմական օգնության տրամադրումը։
Նրա խոսքով՝ Եվրոպական խորհուրդը «բնական և կենսական դեր» ունի մրցունակության ուժեղացման, նորարարության խթանման, պաշտպանական և անվտանգության կարողությունների ամրապնդման ու միջազգային համագործակցության հարցում: Արարողությանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Շառլ Միշելը հավելել է, որ իր մանդատի հիմնական դասը եղել է ըմբռնումը, որ «Եվրոպական խորհուրդը կա և պետք է լինի եվրոպական միասնության պահապանը»։
Իր հերթին Կոշտան ընդգծել է եվրոպական միասնության կարևորությունը՝ նշելով, որ միայն դրա առկայության դեպքում եվրոպացիները կարող են միասին կառուցել անվտանգություն, կայունություն և խաղաղություն մայրցամաքում։ Նա եվրոպացիների ընդհանուր նպատակը համարել է նրանց արժեքների պաշտպանությունը, խաղաղության կառուցումը և բարգավաճման ամրապնդումը: