Սեուտա ներթափանցելու փորձերի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 90-ի
Մարոկկոյից Իսպանիային պատկանող Սեուտա անկլավ ներթափանցելու փորձերի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 90-ի, տեղեկացնում է իսպանական Cadena SER ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրը, մասնավորապես, նշել է. «Սեուտայում միգրացիոն ճգնաժամի հետևանքով իշխանությունները զոհերի թիվը հասցրել են 90-ի»։
Ըստ ռադիոկայանի՝ իսպանական իրավապահ մարմինները հայտնաբերել են 74 զոհի մարմին, ևս 16 մարմին հայտնաբերվել է Մարոկկոյի իշխանությունների կողմից։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Սեուտան բախվել էր Մարոկկոյից միգրանտների զանգվածային ներթափանցման փորձի։ Ուրբաթ օրը քաղաքի ղեկավար-նախագահ Խուան Խեսուս Վիվասը հայտարարել էր, որ մեկ օրվա ընթացքում մոտ 60 հազար մարդ է փորձել մուտք գործել Սեուտա։ Ճգնաժամի ֆոնին քաղաքում անկարգություններ են սկսվել։
Սեուտայում տեղակայվել են ոստիկանության, քաղաքացիական գվարդիայի և զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ։
Սեուտան Հյուսիսային Աֆրիկայի ափին գտնվող իսպանական անկլավ է, որը սահմանակից է Մարոկկոյին։ Մելիլիայի հետ միասին այն ձևավորում է Եվրամիության և Աֆրիկայի միջև միակ ցամաքային սահմանը և համարվում է ԵՄ անօրինական միգրացիայի հիմնական ուղիներից մեկը։



