շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածանքով, իսկ 35 անձի մեղադրանք կառաջադրվի իրավախախտումներ կատարելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 27 անձ տարվել է Բելգրադի քաղաքային ոստիկանության շտաբ, մեկ անձի կալանավորել են, իսկ 22 անձի մեղադրանք կառաջադրվի իրավախախտումներ կատարելու համար։

Վալևոյի ոստիկանության շտաբ է բերման ենթարկվել 29 անձ, 15 անձ կալանավորվել են, 13 անձի մեղադրանք կառաջադրվի իրավախախտումներ կատարելու համար, վիրավորվել է 6 ժանդարմերիայի աշխատակից (բոլորն էլ՝ թեթև վնասվածքներով)։

Սերբիայում ուսանողական և ընդդիմադիրների բողոքի ցույցերը սկսվել են 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանում տանիքի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել է 16 մարդ։ Վերջին օրերին կառավարության դեմ բողոքի ցույցերը սրվել են։ Ցուցարարները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և համապատասխան պաշտոնյաների քրեական պատասխանատվություն։

  • Կիսվել: