Սա մեր պատերազմը չէ, սա մեր գործը չէ, մենք չենք ուզում միջամտել. Սիյարտոն՝ ուկրաինական հակամարտության մասին
Հունգարիան մնացել է առանց ռուսական նավթի Բրյանսկի մարզում նավթամղիչ կայանի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, տեղեկացնում է ՌԲԿ Ուկրաինան։
Նա, մասնավորապես, ասել է. «Ուկրաինան կրկին հարձակվել է Հունգարիա տանող նավթամուղի վրա, որի հետևանքով մեր երկիր նավթի փոխադրումը դադարեցվել է»:
Սիյարտոյի խոսքով՝ սա «երկրի էներգետիկ անվտանգության վրա ևս մեկ հարձակում է», ինչն «անընդունելի և վիրավորական է»:
Սիյարտոն տեղեկացրել է, որ Ռուսաստանի տարածքում փորձում են հնարավորինս շուտ վերականգնել խողովակաշարի շահագործման համար անհրաժեշտ տրանսֆորմատորային կայանը, առայժմ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն առաքումները:
Նա նաև նշել է, որ Բրյուսելն ու Կիևը, իբր, «երեքուկես տարի փորձում են Հունգարիային ներքաշել Ուկրաինայի պատերազմի մեջ»: «Սա մեր պատերազմը չէ, սա մեր գործը չէ, մենք չենք ուզում միջամտել, և քանի դեռ մենք ենք իշխանության, չենք միջամտի»,- գրել է Սիյարտոն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ի գիշերը ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բրյանսկի մարզի «Դրուժբա» նավթատարի պոմպակայանի վրա։


