երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սա հումանիտար ողբերգություն է. Հայաստանում ենք՝ արտահայտելու մեր համերաշխությունը. Լուիզ Մուշիկիվաբո

Սա հումանիտար ողբերգություն է. Հայաստանում ենք՝ արտահայտելու մեր համերաշխությունը. Լուիզ Մուշիկիվաբո

 Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել իր համերաշխությունը արտահայտելու  հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։ Նրանք փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են օգտակար լինել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:  

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որն իր շուրջն է համախմբում 88 երկրի և կառավարության՝ 5 մայրցամաքներից: Հայաստանը մեզ համար այդ կազմակերպության շատ կարևոր անդամ է: Դրա համար էլ մենք այսօր այստեղ ենք, որ արտահայտենք մեր համերաշխությունը»,-ասաց Մուշիկիվաբոն:

Նա ընդգծեց՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, իրենք հատկապես հետաքրքրված են իրենց առաքելությունների հետ կապված հարցերով՝ ֆրանսերեն լեզվով կրթության, երիտասարդության հարցերով: Երիտասարդությունը կազմակերպության առաքելության հիմնական թիրախն է:  

Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարն ասաց, որ իրենք հետևում են Միավորված ազգերի կազմակերպությունից եկող բոլոր երկխոսություններին ու եզրահանգումներին:

«Ցավոք սրտի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չունի մանդատ ու միջոցներ, որ որոշումներ կայացնի կամ իր դիրքորոշումն արտահայտի հակամարտության վերաբերյալ: Իհարկե, մենք շատ լավ գիտենք պատմությունը, բայց մենք սահմանափակված ենք մեր մանդատով: Առանց փորձագետ լինելու, առանց քաղաքական հարցերի վերաբերյալ մանդատ ունենալու էլ միանշանակ է այն, որ սա հումանիտար ողբերգություն է, որը մեզ բնականաբար հուզում է: Այն փաստը, որ մարդիկ ստիպված են լքել իրենց հայրենի հողը, մեզ հուզում է, մենք հասկանում ենք: Եվ շատ կցանկանայինք, որ այսօր լիներ որոշակի որոշում, որը կթեթևացներ այս մարդկանց, այս երիտասարդների ճակատագիրը, որ հիմա այստեղ են»,-ասաց Մուշիկիվաբոն:

Նա հավելեց, ցավոք սրտի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չունի այդ հնարավորությունը: Սակայն կազմակերպությունում հասկանում ու կարեկցում են:

«Եվ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն՝ մենք փորձում ենք ուսումնասիրել, թե ինչ ձևով կարող ենք օգտակար լինել, բայց, իհարկե, ոչ քաղաքական հարցերով կամ ճգնաժամի հաղթահարման առումով: Պարզապես մենք հասկանում ենք մեր քույրերին ու եղբայրներին, որոնք շատ դժվար իրավիճակի մեջ են գտնվում»,-ասաց նա:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն Երևանում «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) բարեգործական կազմակերպությունում հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների, ֆրանսերենի մասնագետների հետ: Հանդիպման մասնակիցները  ներկայացրեցին իրավիճակը, կիսվեցին իրենց պատմություններով:

«Մենք փաստորեն ավելի շատ հումանիտար, կրթական, մարդկային ասպեկտի կողմից ենք փորձում այս ողբերգությանը հետևել, իհարկե, հեռվից էլ էինք հետևում, բայց ցանկացանք այստեղ լինել, հանդիպել և լսել նրանց»,-նշեց Լուիզ Մուշիկիվաբոն:

  • Կիսվել: