հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սա անպատասխանատու հռետորաբանություն է. Սպիտակ տունը՝ միջուկային զենքի մասին Պուտինի հայտարարության վերաբերյալ

Սա անպատասխանատու հռետորաբանություն է. Սպիտակ տունը՝ միջուկային զենքի մասին Պուտինի հայտարարության վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Մոսկվայի կողմից ցանկացած միջոց օգտագործելու պատրաստակամության մասին հայտարարությանն ԱՄՆ-ում լրջորեն են վերաբերվել: Այս մասին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Սակայն Վաշինգտոնը դեռևս չի տեսնում ռազմավարական զսպման ուժերի պատրաստվածության բարձրացման անհրաժեշտություն, ընդգծել է Քիրբին։

«Սա անպատասխանատու հռետորաբանություն է միջուկային տերության համար... Մենք դրան լուրջ ենք վերաբերվում, որքան կարող ենք վերահսկում ենք նրանց ռազմավարական կոնֆիգուրացիան, որպեսզի անհրաժեշտության դեպքում շտկենք մերը: Այս պահին մենք որևէ նշան չենք տեսնում, որ դա պահանջվում է»,- ասել է Քիրբին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի մասնակի մոբիլիզացիայի վերաբերյալ հեռուստաուղերձն ավարտելուց հետո ասել է, որ հավատում է երկրի քաղաքացիների աջակցությանը։

«Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ քամու վարդը (շրջանաձև վեկտորի դիագրամ է, որն արտացոլում է որոշակի ժամանակահատվածում քամու շարժման ուղղությունը) կարող է շրջվել նաև իրենց ուղղությամբ»,- ընդգծել է պետության ղեկավարը։

«Մեր պատմական ավանդույթի, մեր ժողովրդի ճակատագրի մեջ է, որ կանգնեցնենք նրանց, ովքեր ձգտում են համաշխարհային տիրապետության, ովքեր սպառնում են մասնատել և ստրկացնել մեր Հայրենիքը, մեր երկիրը: Մենք դա հիմա էլ կանենք: Եվ այդպես էլ կլինի: Հավատում եմ ձեր աջակցությանը»,- եզրափակել է Պուտինը:

  • Կիսվել: