հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը. բացառություններ են գործում ԵԱՏՄ երկրների համար

Ռուսաստանը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը. բացառություններ են գործում ԵԱՏՄ երկրների համար

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը։

Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
 
«Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակում է մտցնում երկրից կոշտ ցորենի արտահանման վրա։ Այս մասին հրամանը ստորագրվել է։ Որոշումն ուղղված է պարենային անվտանգության ապահովմանը և կնպաստի ներքին շուկայում կոշտ ցորենի արտադրանքի գների կայուն վիճակի պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Ժամանակավոր սահմանափակումն ուժի մեջ է մտնում կառավարության հրամանի հրապարակման պահից և կգործի մինչև 2024 թվականի մայիսի 31-ը։
 
Միաժամանակ նախատեսված են մի շարք բացառություններ. Դրանք ներառում են կոշտ ցորենի արտահանումը միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու համար և միջազգային միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում, դրա արտահանումը Ռուսաստանի տարածքից Աբխազիա և Հարավային Օսիա:
 
Կոշտ ցորենը թույլատրվում է արտահանել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղրղզստան և Ղազախստան՝ կառավարության որոշմամբ սահմանված քվոտաների շրջանակներում՝ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվության դեպքում։
 
ՌԴ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ կոշտ ցորենի համաշխարհային բերքը ընթացիկ գյուղատնտեսական սեզոնում (2023 թվականի հուլիսի 1-ից 2024 թվականի հունիսի 30-ը) կնվազեցվի մինչև 20 տարվա նվազագույնը՝ արտադրող երկրների ճնշող մեծամասնությունում անբարենպաստ ագրոօդերեւութաբանական պայմանների պատճառով։ Ըստ կանխատեսումների՝ այն կկազմի 31,3 մլն տոննայից պակաս, ինչը 7-8%-ով ցածր է նախորդ սեզոնից։ Մասնավորապես, Հյուսիսային Ամերիկայում բերքը կնվազի 20%-ով, այդ թվում՝ Կանադայում՝ 30%-ով, ԱՄՆ-ում՝ 7%-ով, Մեքսիկայում՝ 4%-ով; Հյուսիսային Աֆրիկայում՝ 11%-ով, այդ թվում՝ Ալժիրում՝ 11%-ով, Թունիսում՝ 53%-ով; Ֆրանսիայում՝ 6%-ով, Ղազախստանում՝ 38%-ով։ Ռուսաստանը մտադիր է մեծացնել կոշտ ցորենի ցանքատարածությունները:

  • Կիսվել: