ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել խաղաղ կարգավորել իրավիճակը Սիրիայում

Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել խաղաղ կարգավորել իրավիճակը Սիրիայում

Մոսկվան խելամիտ չի համարում Թուրքիայի հնարավոր գործողությունը Սիրիայի տարածքում եւ Անկարային կոչ է անում հարցը խաղաղ լուծել:  Այս մասին լրագրողներին ասել է Սիրիայի գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը։

Սիրիայի վերաբերյալ Աստանայի բանակցությունների սկզբում նա նշել էր, որ դրա մասնակիցները քննարկելու են իրավիճակը։
 
«Դա հատկապես կարեւոր է Թուրքիայի նախագահի՝ քրդական կազմավորումների դեմ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն իրականացնելու պլանների համատեքստում։ Մենք կարծում ենք, որ դա խելամիտ քայլ չէր լինի, այն կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, լարվածության սրման եւ զինված դիմակայության նոր պտույտի այդ երկրում»,- ասել է Լավրենտեւը։
 
Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր է Անկարային հորդորել հրաժարվել այդ քայլից եւ  փորձել Թուրքիային անհանգստացնող հարցը լուծել խաղաղ ճանապարհով։
 
«Մեր կողմից՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան»,- ավելացրել է հատուկ ներկայացուցիչը։
 
Լավրենտեւն ընդգծել է, որ հնարավոր գործողության համատեքստում Աստանայի բանակցություններում նախատեսվում է քննարկել նաեւ փախստականների հարցը։
 
Ղազախստանում հունիսի 15-16-ին ընթանալու են Սիրիայում իրավիճակի կարգավորման «Աստանայի գործընթացի» երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բարձր մակարդակի բանակցություններ՝ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության, ինչպես նաեւ  ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

  • Կիսվել: