շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության հարցերում․ Պուտին

Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության հարցերում․ Պուտին

Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման հարցում: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման համար»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով՝ Մոսկվան ահռելի քանակությամբ կապեր ունի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ և դա հաշվի չառնելն անհնար է:

«Անկասկած մենք բոլորս բավականին բարդ իրավիճակում ենք»,-շեշտել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը չի կարող կողքից հետևել իր համար մոտ երկրների միջև խնդիրներին և հակասություններին, ու պատրաստ է աջակցել դրանց խաղաղ լուծմանը:

«Ընդհանուր առմամբ, մենք, անկասկած, հետաքրքրված են, որ Հարավային Կովկասը լինի խաղաղ և կայուն զարգացող տարածաշրջան: Անկասկած դեպի խաղաղություն տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների աներկբա իրագործումն է: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական խնդիրների լուծման հարցերում այդ պայմանավորվածությունների հետևաողական իրագործման շնորհիվ է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման»,- եզրափակել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երևանը նախաձեռնելու է ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում՝ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կազմակերպությունը նշել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կքննարկվեն Հայաստանին աջակցության միջոցառումները, ինչպես նաև ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։

  • Կիսվել: