Ռուսաստանը հերքել է ռումինական պետական հաստատության վրա կիբերհարձակման կազմակերպումը
Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է, որ 2025 թվականին ռումինական պետական կառույցի վրա իրականացված կիբերհարձակումը կառավարվել է Մոսկվայի կողմից՝ նշելով, որ ռումինացի պաշտոնյաները որևէ ապացույց չեն ներկայացրել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ռումինիայի հետախուզական ծառայությունը (SRI) նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ 2025 թ. դեկտեմբերին տեղի ունեցած կիբերհարձակման հետևում կանգնած է եղել Ռուսաստանի հետ առնչվող «Turla» հաքերային խմբավորումը։ Ծառայությունը հավելել էր, որ այս գործով համագործակցել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։
«Սա ռումինական հատուկ ծառայությունների հերթական հորինվածքն է, Ռուսաստանի կողմից իրականացվող, այսպես կոչված, «հիբրիդային հարձակումների» մասին նրանց կողմից տարածվող պատումի մի մասը», - նշել է Ռուսաստանի դեսպանությունն՝ ի պատասխան Reuters-ի հարցման։
«Ինչպես միշտ, ռումինական կողմը որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել», - հավելել է դեսպանությունը։
Ռումինիան Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և Ուկրաինայի հետ ունի ավելի քան 600 կմ երկարությամբ ցամաքային սահման։ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ իր երկիրը թիրախ է դարձել Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի, որի նպատակն է ապակայունացնել Կիևին աջակցող պետությունները։
Ըստ Դանի՝ այդ հարձակումները ներառում են տարբեր գործողություններ՝ ռումինական օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներխուժումներից մինչև կիբերհարձակումներ, ապատեղեկատվական արշավներ, դիվերսիոն գործողություններ և Ռումինիայի ջրային տարածքների մոտակայքում գտնվող բեռնատար նավերի վրա հարձակումներ։
Ռուսաստանը բազմիցս հերքել է մեղադրանքներն այն մասին, թե հիբրիդային պատերազմ է վարում եվրոպական պետությունների դեմ։



