երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուսաստանում զանգվածային թունավորման զոհերի թիվը հասել է 25-ի

Ռուսաստանում զանգվածային թունավորման զոհերի թիվը հասել է 25-ի

Ռուսաստանի շրջաններում «Միստր Սիդր» ըմպելիքից մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով 25-ի, ավելի քան 50 հոգի լրջորեն թունավորվել է, ոմանք վերակենդանացման բաժանմունքում են։

Ուլյանովսկի մարզում ըմպելիքի թունավորումից մահացել է 18 մարդ, մոտ երեսուն հոգի հիվանդանոցներում՝ ծանր եւ միջին ծանրության վիճակում։

Նույն ըմպելիքից թունավորվել է մոտ քսան մարդ Սամարայի մարզում։ Չորս հոգի մահացել է, 14 հոգի հոսպիտալացվել է ծանր ալկոհոլային թունավորման ախտանշաններով։

Նիժնի Նովգորոդի մարզում թունավորվել է վեց մարդ, նրանցից երկուսը մահացել է։ Հայտնի է նաեւ Ուդմուրտիայում տեղի ունեցած թունավորումների մասին. մի հոգի մահացել է, մյուսը հիվանդանոցում է ծայրահեղ վիճակում։

Տեղեկացվել է նաեւ երեք հոսպիտալացված կնոջ մասին Պենզայի մարզում։ Տեղի ոստիկանությունն առգրավել է ըմպելիքի ավելի քան 1 700 լիտր։

Շրջաններում հարուցվել են քրեական գործեր այն ծառայությունների մատուցման հոդվածներով, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին։ Քննության վարկածով՝ թունավորվածները խմել են խնձորի «Միստր Սիդր»։ Առնվազն Նիժնի Նովգորոդի մարզում ըմպելիքի մեջ հայտնաբերվել է թունավոր էթիլենգլիկոլ։

«Ռոսպոտրեբնադզորը» առգրավում է բրենդի արտադրանքն ամբողջ Ռուսաստանում, դրա մատակարարումներն արգելվել են։

Սիդրի մատակարարողին՝ 32-ամյա Անար Հուսեյնովին Սամարայի մարզից, կալանավորել են։ Հայտնի է, որ 2022թ. գործարարին տուգանել էին առանց ալկոհոլի արտադրության եւ իրացման լեգալ լինելը հաստատող փաստաթղթերի այն շրջանառության մեջ դնելու համար։ Տուգանքը կազմել էր տասը հազար ռուբլի։

  • Կիսվել: