Ռուսաստանում վաճառքից կհանվեն ԵԱՏՄ երկրների՝ սխալ հավաստագրված ապրանքները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի օրենսդրության մեջ ավելացնել կետ՝ ԵԱՏՄ անդամ պետություններում տրված ապրանքների համապատասխանության վկայականները չեղյալ համարելու հնարավորության վերաբերյալ։ Օրենքի խախտմամբ տրված փաստաթղթերն անվավեր կհամարվեն, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Ռուսաստանի նախագահը պատվիրել է նաև մեխանիզմներ ստեղծել սխալ հավաստագրված ապրանքների «շրջանառությունից դուրս բերելու, շրջանառության կասեցման և շուկայից դուրս բերելու» համար։ Փոփոխությունների մշակման պատասխանատու է նշանակվել ՌԴ կառավարությունը։
Օրենսդրության փոփոխությունները պետք է պատրաստվեն մինչև դեկտեմբերի 30-ը։ Հրամանագրում չի նշվում, թե կոնկրետ որ խախտումների մասին է խոսքը։ Դրա մասին նշված է Կրեմլի կայքում։
Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը մայիսի վերջին բողոքեց այս ոլորտում անավարտ օրենսդրությունից։ Նա Վլադիմիր Պուտինին ասել է, թե Եվրասիական տնտեսական միության երկրներում, օրինակ՝ Ղրղզստանում, նման փաստաթղթերով անօրինական առևտուր է իրականացվում։ Ռեշետնիկովն ընդգծել է, որ հավաստագրերի չեղարկման մեխանիզմներն արդեն ներդրվել են Բելառուսում և Ղազախստանում, և այժմ դրանք պետք է ներդրվեն նաև Ռուսաստանում։
Հունիսի վերջին հայտնի դարձավ, որ Նիդեռլանդներից Ռուսաստան է ներմուծվել տոննաներով սերմ՝ այլ երկրներից ստացված բուսասանիտարական հավաստագրերի հիման վրա։ Սա տեղի է ունեցել՝ հակառակ եվրոպական պետությունից բուսական արտադրանքի ուղղակի մատակարարման՝ 2023 թվականին մտցված արգելքի, հայտնել է «Роспотребнадзор»-ը։


