հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց տարածքին. կան զոհեր, վիրավորներ

Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց տարածքին. կան զոհեր, վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը  մյուսի տարածքին։ Երկու կողմերն էլ հայտնել են մարդկային կորուստների և ավերածությունների մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը խոցել են 105 անօդաչու սարք, որոնց մեկ երրորդը թռչում էր Մոսկվայի ուղղությամբ։ 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայիսի 22-ի գիշերվանից խոցվել է Մոսկվա թռչող 31 անօդաչու։ Ժամանակավորապես սահմանափակվել է «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը։ Մոսկվայի վրա հարձակումները և օդանավակայանների փակումը շարունակվում է արդեն երկու օր։ Մայիսի 21-ին Սոբյանինը հայտնել էր 27 ԱԹՍ-ի խոցման մասին։

Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից մեկ մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել, Telegram-ում հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Տուլայում ուկրաինական ԱԹՍ-ն բախվել է բազմաբնակարան շենքի տանիքին, վնասվել են նաև այլ բնակելի տներ, տուժել է երկու մարդ։

Լիպեցկում, Տուլայում, Վլադիմիրում և Օրյոլի մարզում ԱԹՍ-ների հարձակման ժամանակ անջատվել է շարժական ինտերնետ կապը։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ լույս մայիսի 22-ի գիշերը Ռուսաստանը 128 ԱԹՍ է արձակել երկրի վրա, որոնցից 74-ը խոցվել են, մյուսները կորել ռադարներից կամ ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Արձակվել է նաև մեկ «Իսկանդեր-Մ» հրթիռ»։ 

Տուժել են Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Նիկոլաևի մարզերը։

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերի կողմից Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի գնդակոծության հետևանքով առավոտյան երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Խերսոնում առավոտյան ռուսական ուժերի գնդակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել։ 

 

  • Կիսվել: