հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանն ու Իրանը գիտահետազոտական արբանյակ կստեղծեն

Ռուսաստանն ու Իրանը գիտահետազոտական արբանյակ կստեղծեն

Թեհրանի համալսարանը Մոսկվայի Մ․Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տիեզերական հետազոտությունների ֆակուլտետի հետ գիտահետազոտական արբանյակ կստեղծի։ Տեղեկությունը հայտնել է Թեհրանի համալսարանի ռեկտոր Սեյեդ Մոհամմադ Մողիմին։

«Մենք պայմանավորվել ենք, որ աշխատանքները կսկսվեն երկու շաբաթից, որպեսզի մոտ ապագայում կարողանանք համատեղ գիտահետազոտական արբանյակ ուղարկել ուղեծիր։ Ֆինանսական հարցերի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերվել», - Մողիմիի խոսքը մեջբերում է «IRNA» գործակալությունը։

Խոսելով երկու երկրների համագործակցության և Ռուսաստանի ու Իրանի բուհերի ռեկտորների 6-րդ համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նա անդրադարձել է ուսանողների և դասախոսների փոխանակման մասին համաձայնագրին, որի իրականացումը կսկսվի մեկ ամսից:
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ապրիլի 27-28-ը անցկացվել է Ռուսաստանի և Իրանի բուհերի ռեկտորների 6-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակում թեմատիկ նստաշրջաններ են անցկացվել, որոնց ընթացքում կրթության և գիտության ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել։

  • Կիսվել: