Ռուսաստանն ու Չինաստանը Ճապոնական ծովում համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերը Ճապոնական ծովում ՛՛Հյուսիս. Փոխգործակցություն-2023՛՛ խորագրով համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին տեղեկացնում է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
ՊՆ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛ՌԴ և ՉԺՀ զինված ուժերի համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ ռուսական կողմը շուտով ռազմածովային և ռազմաօդային ուժեր կուղարկի՝ ՛՛Հյուսիս. Փոխգործակցություն-2023՛՛ զորավարժություններին մասնակցելու համար, որոնք կազմակերպվելու են Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի Հյուսիսային գոտու ռազմական հրամանատարության կողմից և անցկացվելու են 2023 թվականի կեսին՝ Ճապոնական ծովում՛՛։
Ինչպես հաղորդվում է՝ զորավարժությունների նպատակն է ռազմավարական ծովային ուղիների անվտանգության պահպանումը, Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմավարական համակարգման մակարդակի բարձրացումը, տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման գործում համատեղ կարողությունների բարձրացումը, անվտանգությանը սպառնացող տարբեր մարտահրավերներին արձագանքելը։