շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու իր ձգտման մեջ Վաշինգտոնը սահմանները չի տեսնում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու իր ձգտման մեջ Վաշինգտոնը սահմանները չի տեսնում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Կիևին ավելի ու ավելի հզոր սպառազինությունների փոխանցումն իրենից ներկայացնում է հակամարտության նպատակաուղղված էսկալացիա ԱՄՆ-ի կողմից։ Այս մասին ասել է  Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը` մեկնաբանելով Ուկրաինային GLSDB հեռահար ռումբեր մատակարարելու ԱՄՆ որոշումը։

՛՛Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու իր ձգտման մեջ Վաշինգտոնը սահմանները չի տեսնում։ Կիևի ռեժիմին էլ ավելի հզոր սպառազինությունների փոխանցումն ԱՄՆ-ի կողմից հակամարտության նպատակային էսկալացիա է։ Վարչակազմը «ուկրաինական խաղաթղթի» վրա դրել է գրեթե ամեն ինչ` սեփական միջազգային հեղինակությունը, ամերիկացի հարկատուների փողերը և ուկրաինացի զինվորների կյանքը՛՛,-ասել է Անտոնովը:

Նրա խոսքով՝ նման տեմպերով ԱՄՆ-ն կարող է հասնել ՛՛բացարձակ խելագարության՛՛, ինչպիսին կլինի, օրինակ, Ուկրաինային կործանիչներ տրամադրելը։

Դեսպանն ասել է, որ բոլոր հողերը, որոնք Ռուսաստանի կազմի մեջ են մտել իրենց բնակիչների կամքով, իրենց հայրենիքն են, և իրենք դրանք պաշտպանելու են բոլոր ուժերով:

Անտոնովը հավելել է նաև, որ Ռուսաստանի Դաշնությանը վնաս հասցնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինային 2,2 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ հատկացնելու մասին։ Փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության միջոցներ, HIMARS-ի հեռահար հրթիռներ և GLSDB հեռահար արկեր: Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն Կիևի հայեցողությանն է թողնում հեռահար արկերը Ղրիմին հարվածելու համար օգտագործելու հնարավորությունը։

Նշենք նաև, Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը:

  • Կիսվել: