երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինան ու Ռուսաստանը հայտնում են փոխադարձ հարվածների մասին

Ուկրաինան ու Ռուսաստանը հայտնում են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանի տարբեր շրջաններ գիշերը զանգվածային գրոհի են ենթարկվել, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, փոխանցում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ  44 անօդաչու թռչող սարք խոցվել է Ռոստովի մարզում, մեկը՝ Սարատովի մարզում: Բացի այդ՝  6 ԱԹՍ խոցվել է Կրասնոդարի երկրամասում և մեկական՝ Կուրսկի և Բելգորոդի մարզերում։

Ինչպես հայտնել է Կուրսկի վարչակազմը՝ ուկրաինական գրոհների հետևանքով ամբողջությամբ այրվել է սեփական բնակելի տուն։

Իր հերթին Սարատովի մարզի նահանգապետն էլ նշել է, որ Էնգելս քաղաքում, որտեղ տեղակայված են ռուսական ծանր ռմբակոծիչներ, անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են։ Տուժածներ և ենթակառուցվածքների ավերածություններ չկան:

BBC-ի ուկրաինական ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության հարձակման հետևանքով Ռոստովի մարզի Մորոզովսկ աերոդրոմում ոչնչացվել է 6 ինքնաթիռ։

Ուկրաինայի ԶՈւ-ն էլ տեղեկացրել է, որ գիշերը Ռուսաստանը 13 ԱԹՍ է արձակել երկրի տարածքի վրա, որոնք բոլորը խոցվել են։ Ըստ ռազմաօդային ուժերի՝ ԱԹՍ-ները խոցվել են Զապորոժիեի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Բացի այդ, ըստ ուկրաինական կողմի, ռուսական ուժերը Բելգորոդի մարզից արձակել են 2 զենիթային կառավարվող հրթիռ և 3 բալիստիկ հրթիռ։ Հրթիռային հարվածների հետևանքների մասին չի հաղորդվում։ 

  • Կիսվել: