երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուսաստանի հետ գազային հանգույցի ստեղծման ամենահավանական վայրը Թրակիան է. Էրդողան

Ռուսաստանի հետ գազային հանգույցի ստեղծման ամենահավանական վայրը Թրակիան է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը A Haber-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ պետական BOTAŞ ընկերությունն այս տարվա նոյեմբերին կավարտի Սև ծովի գազատար համակարգին միացող խողովակաշարի շինարարությունը:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել էր, որ թուրքական կողմը սկսել է աշխատանքների իր մասը՝ Ռուսաստանի հետ գազային հանգույցի վերաբերյալ պայմանավորվածության համաձայն: Էրդողանը հայտնել է, որ գազային հանգույցի ստեղծման ամենահավանական վայրը Թրակիան է:

Թուրքիայի նախագահը նշել է, որ հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդներին բացատրել է, որ իրենք սխալ մոտեցում են որդեգրել Ռուսաստանի նախագահի նկատմամբ: «Դուք սխալ եք անում՝ ասացի ես: Լինելով աշխարհի ամենահարգված երկրներից մեկը՝ դուք հանգիստ կնստեի՞ք, եթե այս կերպ հարձակվեին ձեզ վրա: Ես էլ չէի անի։ Ահա թե ինչ է անում պարոն Պուտինը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանը նաև կարծիք է հայտնել, որ Պուտինը կառուցողական մոտեցում է ցուցաբերել հացահատիկի գործարքի վերականգնման հարցում: Նրա խոսքով՝ երբ Ռուսաստանն ու Թուրքիան սկսեն ռուսական նավահանգիստներից սննդամթերքի մատակարարումները, դրանք կուղարկվեն Ջիբութի, Սոմալի և Սուդան:

Խոսելով տնտեսությունից՝ Էրդողանը հավաստացրել է. Թուրքիան միջոցներ կձեռնարկի իր տնտեսությունը կայունացնելու համար։ «Մեր ընթացիկ հաշվի դեֆիցիտի միակ պատճառը նավթն է։ Մենք քայլեր կձեռնարկենք՝ քննարկելով գնային քաղաքականությունը պարոն Պուտինի հետ հանդիպումներում»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Իսրայելին, նշել՝ Անկարան կշարունակի «փոխադարձ հավատարմության և ընդհանուր շահերի հիման վրա» այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ անկախ ընտրությունների արդյունքից։

  • Կիսվել: