Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն՝ կապված 2025 թվականի փետրվարին Բունդեսթագի վաղաժամկետ ընտրությունից առաջ իրականացված խոշոր կիբեռհարձակման և ապատեղեկատվական արշավի հետ, տեղեկացնում է DW-ն։
Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանին է պատասխանատու համարում այս գործողությունների համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Գիզեն։
«Վստահորեն կարելի է ասել, որ Ռուսաստանը՝ Storm-1516 կոդային անվամբ ապատեղեկատվական արշավի միջոցով փորձել է «ազդել և ապակայունացնել ինչպես Բունդեսթագի վերջին ընտրությունը, այնպես էլ Գերմանիայի ներկայիս ներքին գործերը»,-ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Ռուսաստանը շատ իրական սպառնալիք է ներկայացնում մեր անվտանգության համար»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ռուսական սպառնալիքը կապված է ոչ միայն Ուկրաինայում պատերազմի, այլև Գերմանիայի դեմ նրա գործողությունների հետ:
«Գերմանիայի կառավարությունը՝ իր եվրոպացի գործընկերների հետ համակարգված, կձեռնարկի մի շարք պատասխան միջոցներ, որպեսզի Ռուսաստանը վճարի իր հիբրիդային պատերազմի համար»,-նշել է Գիզեն:


