Ռումինիայի նորընտիր նախագահ Նիկուշոր Դանը ստանձնել է պաշտոնը
Ռումինիայի նորընտիր նախագահ Նիկուշոր Դանը մայիսի 26-ին ստանձնել է պաշտոնը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
55-ամյա մաթեմատիկոս և Բուխարեստի նախկին քաղաքապետ Դանը վճռական հաղթանակ էր տարել մայիսի 18-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ձայների գրեթե 54%-ով հաղթելով իր մրցակից Ջորջե Սիմիոնին։
Երկրի խորհրդարանում տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո իր ելույթում Դանը խոստացել է լուծել Ռումինիայի տնտեսական դժվարությունները և լինել նախագահ՝ «պատրաստ լսելու հասարակության ձայնը»:
Մայիսին Ռումինիայում նախագահական ընտրություններ էին տեղի ունեցել այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը չեղարկել էր 2024 թ. նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքները, ըստ որոնց հաղթել էր ծայրահեղ աջ թեկնածու Կալին Ջորջեսկուն։ Նման որոշումը Բուխարեստը պատճառաբանել էր ընտրություններին Ռուսաստանի միջամտությամբ, ինչը Մոսկվան հերքել է։