Ռումբ է նետվել Լիբանանում Շվեդիայի դեսպանատան ուղղությամբ
Անհայտ անձինք ռումբ են նետել Լիբանանում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ, սակայն այն չի պայթել։ Այս մասին հայտնում է Expressen թերթը՝ վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրներին։
«Դա մոլոտովի կոկտեյլի տեսքով ռումբ էր, որը նետվել էր դեսպանատան գլխավոր մուտքի մոտ, բայց այն չի պայթել։ Պայթուցիկ սարքերի մեր փորձագետներն այն հեռացրել են դեպքի վայրից, և մենք մեծ ջանքեր ենք գործադրում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել են հրապարակման զրուցակիցները։
Ոստիկանությունը ենթադրում է, որ անհաջող հարձակումը կարող է կապ ունենալ Շվեդիայում Ղուրանի այրման հետ: Այն բանից հետո, երբ Իրաքի քաղաքացի Սալվան Մոմիկան Ստոկհոլմում այրեց Ղուրանը և Իրաքի դրոշը, այն դատապարտեցին մի շարք մահմեդական երկրներ:
Բեյրութում Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան հորդորեց «երիտասարդ մուսուլմաններին պաշտպանել Ղուրանը և պատժել նրանց, ովքեր կանգնած են այս այրման հետևում»:
Նա Լիբանանից պահանջել է արտաքսել Բեյրութում Շվեդիայի դեսպանին։