հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թ. մարտի 17-ին

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թ. մարտի 17-ին

Դաշնության խորհուրդը նշանակել է ՌԴ նախագահի հերթական ընտրությունների օրը, դրանք տեղի կունենան 2024թ. մարտի 17-ին, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, մեկնաբանելով Դաշնության խորհրդի որոշումը, նշել է, որ այդ որոշմամբ «ըստ էության տրվում է ընտրարշավի մեկնարկը»։

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան իր հերթին հայտնել է, որ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունները «տեղի կունենան նման թունավոր աշխարհաքաղաքական մթնոլորտում»։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 8-ին ԿԸՀ-ն կդիտարկի երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ին, 16-ին եւ 17-ին, նախագահի ընտրությունների քվեարկության մասին որոշման նախագիծը։

Ուկրաինայի անեքսիայի ենթարկված ՌԴ տարածքներում ընտրությունների անցկացման մասին որոշումը կընդունվի դեկտեմբերի 12-ին ԱԴԾ-ի, ՆԳՆ-ի եւ «այդ տարածքների իշխանությունների» հետ խորհրդակցություններից հետո, նշել է ԿԸՀ նախագահը։ Նա հայտնել է, որ հեռահար քվեարկություն 2024թ. նախագահական ընտրություններում արտասահմանի ընտրողների համար նախատեսված չէ։

Վլադիմիր Պուտինն առայժմ պաշտոնապես չի հայտարարել 2024թ. ընտրություններին մասնակցության մասին։ Նա հրաժարվել է խոսել իր առաջադրման մասին խորհրդարանի կողմից քվեարկության օրվա նշանակումից առաջ։

Հայտնի է, սակայն, որ Կրեմլն արդեն պատրաստվում է ընտրություններին Պուտինի մասնակցությամբ։ ՌԴ նախագահի աշխատակազմը, ինչպես տեղեկացրել է «Մեդուզան» օգոստոսին, ակնկալում է, որ ընտրություններում նրա մրցակիցները կլինեն 50 տարեկանից ոչ երիտասարդ քաղաքական գործիչները ՌԴ Կոմկուսից, ՌԼԴԿ-ից եւ «Նոր մարդկանցից», իսկ Պուտինը պետք է հավաքի ձայների 80 տոկոսից ավելին։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: