շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ–ն Իրանի և ԵԱՏՄ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի հարցում առաջընթաց է տեսնում

ՌԴ–ն Իրանի և ԵԱՏՄ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի հարցում առաջընթաց է տեսնում

Մոսկվան առաջընթաց է նկատում Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի մասին լիարժեք համաձայնագիր կնքելու հետ կապված բանակցություններում և արագ արդյունք է ակնկալում։ Այս մասին Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցություններից առաջ հայտնել են ՌԴ ԱԳՆ–ում, տեղեկացնում է parstoday.ir-ը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Մոսկվա կայցելի, որտեղ բանակցություններ կունենա ՌԴ գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

«Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի մասին լիարժեք համաձայնագրի կնքման բանակցություններում առաջընթաց ենք նկատում։ Խորհրդակցությունների արդեն վեց փուլ է անցկացվել։ Առավելագույնս օպերատիվ արդյունք ենք ակնկալում», – ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տարբեր, այդ թվում` ամենաբարձր մակարդակներում քաղաքական երկխոսության բարձր դինամիկան պահպանվում է։ ԱԳՆ–ի, կառավարությունների, խորհրդարանների, ԱԽ քարտուղարների և այլ կառույցների և կազմակերպությունների գծով շփումներ են տեղի ունենում։

«Տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության շահերից ելնելով` մտադիր ենք շարունակել ընդլայնել փոխգործակցությունը Թեհրանի հետ։ Միտված ենք հետագայում ամրապնդել մեր երկրների միջև ստեղծված բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև բոլոր առանցքային ոլորտներում բազմակողմ համագործակցության առաջընթաց զարգացումը», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում։

Ռուսաստանի ԱԳՆ–ում նախարարների հանդիպման նախօրեին հավելել են, որ բանակցությունների ժամանակ Լավրովն ու Աբդոլահիանը կքննարկեն միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ և հատուկ ուշադրություն կդարձնեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև կանդրադառնան Սիրիայի և դրա շուրջ ընթացող զարգացումներին։

 

  • Կիսվել: