ՌԴ-ի համար չկան թշնամական ժողովուրդներ ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում. Լավրով
Ռուսաստանը միշտ բաց է իրավահավասար և ազնիվ գործընկերության համար բոլոր այն երկրների հետ, որոնք առաջնորդվում են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներով։ ՌԴ-ի համար չկան թշնամական ժողովուրդներ ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում: Այս մասին Միջազգային համագործակցության ֆորումի մասնակիցների համար տեսաուղերձում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Ինչպես բազմիցս նշել է նախագահ Պուտինը՝ այդ թվում՝ 2023 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի շքերթի ժամանակ իր ելույթում, մեզ համար թշնամական ժողովուրդներ չկան ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում։ Մենք միշտ բաց ենք ազնիվ, հավասար գործընկերության համար բոլորի հետ, որոնք, ինչպես մենք, առաջնորդվում են սեփական ազգային շահերով և միջպետական համագործակցությունը կառուցում են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջության, փոխկապակցվածության և ամբողջականության հիման վրա»:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է զարգանալ որպես «ժամանակակից պետություն, որը շահագրգռված է լայնածավալ ապաքաղաքականացված միջազգային համագործակցությամբ»։
«Այսօր, երբ աշխարհում իրավիճակը շարունակում է լարված մնալ, մարդկանց միջև շփումները, գիտության, մշակույթի, սպորտի գործիչների միջև երկխոսությունը հատուկ նշանակություն են ստանում մթնոլորտի առողջացման տեսանկյունից։ Մենք ողջունում ենք նման ջանքերը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ֆորումին բազմաթիվ օտարերկրյա հյուրերի ներկայությունը «վառ վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանն իսկապես ունի հուսալի ընկերներ, որոնք համակարծիք են մեր արժեքներին և ձգտում են ավելի լավ հասկանալ, թե ինչով է ապրում մեր երկիրը»։


