ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ՌԴ-ի դեմ ֆինանսական պատժամիջոցների հետեւանքով դոլարի գերիշխումն աստիճանաբար կարող է թուլանալ. ԱՄՀ

ՌԴ-ի դեմ ֆինանսական պատժամիջոցների հետեւանքով դոլարի գերիշխումն աստիճանաբար կարող է թուլանալ. ԱՄՀ

Ռուսաստանի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցները սպառնում են աստիճանաբար թուլացնել ԱՄՆ դոլարի գերիշխանությունը եւ կարող են հանգեցնել ավելի հատվածայնացված միջազգային արժութային համակարգի, The Financial Times-ին ասել է ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրենի տեղակալ Գիտա Գոպինաթը։

«Դոլարը կմնա հիմնական համաշխարհային արժույթն անգամ այս լանդշաֆտում, բայց փոքր մակարդակի հատվածայնացումը, անկասկած, միանգամայն հնարավոր է»,- ասել է Գոպինաթը՝ ավելացնելով, որ որոշ երկրներ արդեն վերանայում են այն արժույթը, որով նրանց վճարում են առեւտրի համար։

Ըստ նրա՝ պատերազմը նաեւ խթանել է թվային ֆինանսների ներդրումը՝ կրիպտոարժույթներից մինչեւ սթեյբլքոիններ եւ կենտրոնական բանկերի թվային արժույթներ։

Գոպինաթը նշել է, որ համաշխարհային առեւտրում այլ արժույթների ավելի լայն օգտագործումը կհանգեցնի ազգային կենտրոնական բանկերի պահուստային ակտիվների հետագա դիվերսիֆիկացման։

Ավելի վաղ նա ասել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դոլարի՝ որպես պահուստային արժույթի, մայրամուտ չեն կանխատեսում, եւ պատերազմն Ուկրաինայում կդանդաղեցնի համաշխարհային տնտեսության աճը, բայց գլոբալ ռեցեսիա չի առաջացնի։

ԱՄՀ-ի ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան արժույթի ազդեցությունն արդեն նվազել էր վերջին երկու տասնամյակներին, իսկ դրա բաժինը միջազգային պահուստներում ընկել էր՝ 70-ից հասնելով 60 տոկոսի։ Ավստրալական դոլարը եւ չինական յուանը մեծ տարածում են ստացել որպես առեւտրային արժույթներ։

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ֆինանսների եւ բիզնեսի էկոնոմիկայի պրոֆեսոր Բայչժու Չենի խոսքով՝ կենտրոնական բանկերից ավելի քան 70-ը որոշ քանակությամբ յուան են պահում՝ որպես պահուստային արժույթ, աֆրիկյան շատ երկրներ եւ Մերձավոր Արեւելքի որոշ երկրներ մշտապես օգտագործում են չինական արժույթը գործարքների համար։ «Որոշ երկրներ կարծում են, որ իրենց տնտեսությունները կարող են ԱՄՆ-ի քաղաքականության պատանդ դառնալ, որովհետեւ դոլարը գերիշխում է, եւ երկրները ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց ռիսկերը»,- ասել է Չենն Insider-ին։

  • Կիսվել: