ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Ռաֆահ» հսկիչ անցակետով Եգիպտոսից հումանիտար օգնության 60 բեռնատար է մտել Գազայի հատված

«Ռաֆահ» հսկիչ անցակետով Եգիպտոսից հումանիտար օգնության 60 բեռնատար է մտել Գազայի հատված

Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնության 60 բեռնատարների շարասյունը ժամանել է անկլավ «Ռաֆահ» հսկիչ անցակետով, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al-Qahera al-Ekhbariya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ` նախօրյակին հսկիչ անցակետը հատել է, ընդհանուր առմամբ, 47 մեքենա՝ մեծ քանակությամբ դեղորայքով ու բժշկական պարագաներով, որոնք պատրաստվել են Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության խնդրանքով։

«Ռաֆահ» ցամաքային հսկիչ անցակետով շրջափակված Գազայի հատվածի հարավային շրջաններ ուղարկվող մարդասիրական օգնությունը ներառում է առավելապես դեղորայք և բժշկական պարագաներ, ինչպես նաև պարեն, ջուր, վրաններ և անձնական հիգիենայի միջոցներ: Գազայի հատված ոչ մի տեսակի վառելիք չի մտնում: Հոկտեմբերի 12-ից ի վեր «Ռաֆահ»-ով անկլավ է մտել  մարդասիրական օգնությամբ մոտ 100 բեռնատար։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո իսրայելական կողմը շրջափակել է Գազան և հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող հարյուրավոր թիրախների։ Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։

Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8005-ի, նրանց թվում կա 3324 երեխա։

  • Կիսվել: