Քաթարի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը չեն մոտեցել զինադադարի համաձայնագրի կնքմանը
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը չեն մոտեցել Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու և բանտարկյալներին ազատ արձակելու համաձայնությանը: Այս մասին ասել է բանակցությունների միջնորդ Քաթարի ԱԳՆ-ն՝ զգուշացնելով, որ իրավիճակը մնում է «շատ բարդ», տեղեկացնում է Al Jazeera-ն:
Չնայած ամերիկացի, քաթարցի և եգիպտացի միջնորդների մասնակցությամբ շաբաթներ շարունակվող բանակցություններին՝ մահմեդականների սուրբ Ռամադան ամիսը երկուշաբթի օրը սկսվեց առանց զինադադարի կամ գերիների փոխանակման, որին նրանք ձգտում էին:
«Մենք չենք մոտեցել գործարքի կնքմանը, այսինքն՝ չենք տեսնում, որ երկու կողմերն էլ համաձայնության են գալիս այն ձևակերպումների շուրջ, որոնք կարող են հարթել գործարքի իրականացման շուրջ առկա տարաձայնությունները», - ասել է Էաթարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ Անսարին։
Ալ-Անսարիի խոսքերով՝ բոլոր կողմերը շարունակում են աշխատել բանակցություններում, որպեսզի համաձայնության հասնեն Ռամադանի ընթացքում: