Պուտինը ստորագրել է օրենք ԱՊՀ երկրների զինծառայողների թոշակների մասին համաձայնագրերի չեղարկման վերաբերյալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք այն մասին, որ երկիրը դուրս է գալիս ԱՊՀ երկրների զինծառայողների թոշակի ապահովման կարգի մասին համաձայնագրից եւ ԱՊՀ երկրների զինվորական սահմանապահ զորքերի թոշակային ապահովման կարգի մասին համաձայնագրից։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Համաձայնագրերը ստորագրվել էին Տաշքենդում 1992թ. մայիսի 15-ին։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանից Համագործակցության այլ երկրում վերաբնակվելու դեպքում թոշակառուին նշանակվում է թոշակ կեցության պետության օրենսդրությամբ։
Նշվել է, որ համաձայնագրերի չեղարկման որոշումն ընդունվել է այն բանի հետ կապված, որ ԱՊՀ երկրներում ձեւավորվել է նոր թոշակային օրենսդրություն, այժմ այդ պետություններում թոշակը գոյանում է պարտադիր թոշակային ապահովագրությանը վճարված ապահովագրական մուծումների հիման վրա։
Ընդ որում՝ նախագահի հրամանագրում նշվել է, որ համաձայնագրերի չեղարկումը չի անդրադառնա զինվորական թոշակառուների թոշակային իրավունքների վրա։ Խոսքը նրանց մասին է, որոնց այդ թոշակներն արդեն նշանակված են, այդ մարդիկ կշարունակեն ստանալ վճարներ նախկին չափով։ ԱՊՀ այլ երկրներ տեղափոխված ռուսաստանցիներին թոշակներ կվճարվեն այն անձանց ապահովագրական թոշակների վճարման կարգի համաձայն, որոնք մշտական բնակության համար դուրս են եկել Ռուսաստանի Դաշնության սահմաններից։