երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պուտինը Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի օտարերկրյա ներդրողներին զրկել է բաժնեմասից

Պուտինը Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի օտարերկրյա ներդրողներին զրկել է բաժնեմասից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝  «Պուլկովոն» կառավարող «Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասների» կանոնադրական կապիտալում կիպրական ընկերության բաժնետոմսերի 100%-ն անցնում է Холдинг ВВСС-ի կառավարմանը:

Հրամանագրում ասվում է, որ դա անհրաժեշտ է՝ «կապված Ռուսաստանի ազգային շահերի և տնտեսական անվտանգության սպառնալիքի հետ, որն առաջացել է որոշ օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից պարտավորությունների խախտման հետևանքով»:

Այսպիսով, օտարերկրացիները զրկվում են Սանկտ Պետերբուրգի օդանավակայանը կառավարելու իրավունքից, նշում է Forbes-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ դա առաջին դեպքը չէ, երբ օտարերկրյա ներդրողները կորցնում են վերահսկողությունը ռուսական ակտիվների նկատմամբ։ Նախկինում ՌԴ նախագահը Գույքի կառավարման դաշնային գործակալության տնօրինությանն է հանձնել Carlsberg և Danone միջազգային հսկաների բիզնեսը, որոնք ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո հայտարարեցին իրենց ակտիվները վաճառելու մտադրության մասին։ Heineken գարեջրագործական ընկերությանը հաջողվել է դա անել ընդամենը 1 եվրոյով (գումարած պարտքերի վճարումը): Carlsberg-ը հրապարակավ Ռուսաստանի գործողությունները գողություն է անվանել և դատի է տվել ապրանքանիշների համար։

  • Կիսվել: