չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պուտինը խոստացել է ժամկետայիններին եւ պահեստազորայիններին Ուկրաինա չուղարկել

Պուտինը խոստացել է ժամկետայիններին եւ պահեստազորայիններին Ուկրաինա չուղարկել

Պահեստազորայիններն ու ժամկետային զինծառայողները չեն մասնակցի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը, դրան մասնակցում են միայն պրոֆեսիոնալ զինվորականները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կանանց հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը հավաստիացրել է, որ հատուկ գործողությանը մասնակցում են միայն վերապատրաստված զինվորականներ՝ սպաներ եւ պայմանագրային զինծառայողներ: "Զինակոչիկներ չկան, եւ մենք չենք պլանավորում նրանց ուղարկել Ուկրաինա", - խոստացել է Ռուսաստանի նախագահը:

Պետության ղեկավարը նաեւ նշել է, որ ռուսական իշխանությունները չեն պատրաստվում գործի դնել պահեստազորայիններին: Ավելի վաղ Պուտինը հրամանագիր էր ստորագրել 2022 թվականին պահեստազորում գտնվող ՌԴ քաղաքացիների զորահավաքին մասնակցելու կոչի մասին:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան ռազմական օգնության խնդրանքներին, որոնք ստացվել են ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներից:

  • Կիսվել: