ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պուտինը հաստատել է Ռուսաստանի կազմում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի ընդունման պայմանագրերի վավերացումը

Պուտինը հաստատել է Ռուսաստանի կազմում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի ընդունման պայմանագրերի վավերացումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է չորս օրենք Ռուսաստանի կազմում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի ընդունման պայմանագրերի վավերացման մասին։ Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Պայմանագրերը ստորագրվել էին սեպտեմբերի 30-ին Մոսկվայում։ Դաշնության նոր սուբյեկտների սահմանները, ինչպես նշված է պայմանագրերում, կհաստատվեն այն սահմաններում, որոնք «գոյություն են ունեցել դրանց կազմավորման եւ ՌԴ կազմ ընդունման օրը»։ Մինչեւ նոր շրջանների ղեկավարների ընտրությունը, ռուսական օրենսդրության համաձայն, դրանք կղեկավարեն ժամանակավոր պաշտոնակատարները, որոնց կնշանակի Պուտինը։ Տարածաշրջանների խորհրդարանների ընտրությունները տեղի կունենան քվեարկության նույն օրը, 2023թ. սեպտեմբերին։

Նոր շրջանները կինտեգրվեն անցումային շրջանի շրջանակում, որը կտեւի մինչեւ 2026թ.։ Մինչեւ 2023թ. դրանցում վճարումները կարող են արվել գրիվնայով, ինչից հետո այդ տարածքներում դրամական միավորը կլինի միայն ռուսական ռուբլին։ Ենթադրվում է նոր շրջանների զինված ուժերը (դրանք կան Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում) ներառել ռուսականի կազմում, իսկ ՌԴ Սահմանադրությանը հակասող նորմերը, այդ թվում մահապատժի մասին, չկիրառել։

Դաշնային սահմանադրական օրենքները

Ռուսաստանի նախագահը ստորագրել է չորս դաշնային սահմանադրական օրենք Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերը Ռուսաստանի կազմի մեջ ընդունելու մասին։

Օրենքների համաձայն՝ նոր շրջանների բնակիչները, այդ տարածքները Ռուսաստանի կազմում ընդունելու օրվանից՝ սեպտեմբերի 30-ից, ճանաչվում են Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանք, ովքեր կցանկանան հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, կունենան մեկ ամիս հայտարարություն ներկայացնելու համար։ Միեւնույն ժամանակ, նշվում է, որ քաղաքացիության ձեռքբերումը հնարավոր է հայտարարություն ներկայացնելու եւ ՌԴ քաղաքացու երդում տալու պայմանով։

Տարածքների սահմանները

Փաստաթղթերի համաձայն՝ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն Ռուսաստանի կազմում կպահպանեն հանրապետությունների կարգավիճակը եւ իրենց նախկին անվանումները, պետական լեզուն կլինի ռուսերենը։ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերը նույնպես կմտնեն ՌԴ կազմի մեջ՝ որպես առանձին սուբյեկտներ. դրանք կմնան մարզեր։

Հանրապետությունների եւ մարզերի սահմանները կորոշվեն նրանց այն սահմաններով, որոնք «գոյություն ունեին դրանց կազմավորման եւ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու օրը»։ Միջազգային պայմանագրերում նշվում է, որ օտարերկրյա պետության տարածքներին հարակից սահմանները կհամարվեն Ռուսաստանի պետական սահման։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշված է սահմանադրական օրենքներում, ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ՌԴ կազմի մեջ են մտնում դրանց սահմանադրություններով սահմանված՝ 2014թ. սահմաններով։

Անցումային շրջանը

Օրենքների համաձայն՝ Ռուսաստանի կազմում նոր շրջանների ընդունման օրվանից եւ մինչեւ 2026թ. հունվարի 1-ը կգործի անցումային շրջանը։ ՌԴ քաղաքացիների համար, որոնք ապրոււմ են ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում, կապահովվեն աշխատանքային գործունեության երաշխիքներ։ Կընդունվեն մինչ այդ ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Ուկրաինայում տրված կրթության մասին փաստաթղթերը, ինչպես նաեւ այն փաստաթղթերը, որոնք հաստատում են քաղաքացիական կացությունը, աշխատանքային գործունեության ստաժը, թոշակ, սոցիալական եւ բժշկական օգնություն ստանալու իրավունքը։

Մինչեւ 2023թ. հունիսի 1-ը նշված սուբյեկտներում կստեղծվեն գործադիր իշխանության դաշնային մարմինների տարածքային ստորաբաժանումներ։ Անցումային շրջանի ընթացքում կստեղծվեն նաեւ դատախազության մարմիններ, եւ կապահովվի ՌԴ դատական համակարգի գործառնությունը։

Դրամական միավորները եւ բյուջեն

ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում 2023թ. հունվարի 1-ից կմտցվի ռուսական ռուբլին, մինչեւ 2022թ. վերջ այս սուբյեկտներում կթույլատրվի  ուկրաինական գրիվնայի շրջանառությունը։ Ռուսաստանի բանկը կսահմանի վարկային եւ ոչ վարկային ֆինանսական հաստատությունների գործունեության առանձնահատկությունները։

2023թ. հունվարի 1-ից նոր սուբյեկտներում կկիրառվի ՌԴ բյուջետային օրենսդրությունը, նոր շրջանների բյուջեները կհաստատվեն մինչեւ 2022թ. դեկտեմբերի 15-ը։

Բացի այդ, մինչեւ 2028թ. հունվարի 1-ը անշարժ գույքի սեփականության իրավունքների պետական գրանցումը հնարավոր կլինի այն փաստաթղթերի հիման վրա, որոնք տրվել են հանրապետությունների եւ Ուկրաինայի պետական իշխանությունների մարմինների կողմից։ Նոր սուբյեկտների տարածքներում կսահմանվի նաեւ քաղաքաշինական գործունեության կարգավորման հատուկ ռեժիմ մինչեւ 2028թ. հունվարի 1-ը։ Դրանից հետո քաղաքաշինական գործունեության գործընթացները լիովին կհամապատասխանեցվեն ՌԴ Քաղաքաշինության օրենսգրքին։

  • Կիսվել: