երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ՝ Անկարան հայտարարում է, թե չի ճանաչում Պետդումայի ընտրությունները Ղրիմում

Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ՝ Անկարան հայտարարում է, թե չի ճանաչում Պետդումայի ընտրությունները Ղրիմում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ ամսվա վերջին կայանալիք հանդիպմանն ընդառաջ, պաշտոնական Անկարան հայտարարում է, որ չի ճանաչում Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները։

«Ղրիմում Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը, Թուրքիայի համար որևէ իրավական ուժ չունեն», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Անկարան նաև հերթական անգամ շեշտել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անօրինական է համարում Ղրիմի բռնակցումը։

Մոսկվայի և Անկարայի միջև առկա քաղաքական տարաձայնությունները, սակայն, որոշ առումով փոխհատուցվում են խորացող տնտեսական համագործակցությամբ։

Այսպես, 2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 19-ը «Գազպրոմ»-ը Թուրքիային մատակարարել է 23 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս ժամանակաշրջանի համար։ Երեկ այս մասին հայտնել է «Գազպրոմ»-ը՝ հավելելով, թե սա պատմական ռեկորդային ծավալ է այս ժամանակահատվածի համար և 153 տոկոսով ավելի է, քան մատակարարվել է 2020-ին։ Ընկերությունը նաև նշում է, որ Մոսկվան և Անկարան բարձր են գնահատում «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների աշխատանքը, որոնք ռուսական գազը տեղափոխում են Սև ծովով։

Անցած տարի ոլորտի փորձագետները գրում էին, որ Թուրքիան հրաժարվում է մեծ ծավալներով ռուսական գազ գնել։ Իրավիճակը փոխվել է այս տարվա սկզբին։

Երկու երկրների միջև համագործակցությունը առաջիկա օրերին Ռուսաստանում քննարկելու են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը։ Երեկ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում է Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստան, հավելելով, թե սպասվող բանակցությունների օրակարգում կլինեն երկկողմ շատ հարցեր, ինչպես նաև Սիրիան և տարածաշրջանային այլ հակամարտություններ։

 

  • Կիսվել: