Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է
Ռուսաստանի ԱԴԾ-ում կարճվել է զինված ապստամբության գործը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ապստամբության գործի քննության ընթացքում պարզվել է, որ դրա մասնակիցները դադարեցրել են գործողությունները, որոնք ուղղակիորեն ուղղված էին հանցագործություն կատարելուն: Գործը կարճվել է, հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
Հատուկ ծառաությունից, մասնավորապս, նշել են. ՛՛Հունիսի 23-ին ՌԴ ԱԴԾ քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործի քննության ընթացքում զինված խռովության փաստով ՌԴ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով պարզվել է, որ դրա մասնակիցները հունիսի 24-ին դադարեցրել են հանցագործության կատարմանն անմիջականորեն ուղղված գործողությունները։ Հաշվի առնելով այս և քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները՝ քննչական մարմինը հունիսի 27-ին որոշում է կայացրել քրեական գործը կարճելու մասին՛՛։
Հիշեցնենք, որ հունիսի 23ի լույս 24-ի գիշերը ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել ՛՛Վագների՛՛ ճամբարներին, ինչը հերքեց և՛ ՊՆ-ն, և՛ ԱԴԾ-ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ հարուցվեց։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակեց հանցավոր արկածախնդրություն, հարված թիկունքից և դավաճանություն։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում ՛՛Վագների՛՛ շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ «Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի: Հունիսի 27-ին Լուկաշենկոն հաստատեց, որ Պրիգոինը Բելառուսում է: